ՍԴ-ում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: ԿԸՀ նախագահՏիգրան Մուկուչյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների միջև հարցուպատասխանը թեժ էր: Կարեն Մեժլումյանը հարցերի մի մասը թողեց, որպեսզի Զարուհի Փոստանջյանը պատասխանի:
Տիգրան Մուկուչյանի հարցին, թե ինչո՞ւ են նույն ժամին ուղարկված խախտումների մասին բոլոր 42 դիմումները և ո՞ր ժամին են ուղարկվել: «Չեմ կարող ասել, որ ժամին են ուղարկված», պատասխանեց Կարեն Մեժլումյանը և ավելացրեց, որ դիմումների ծրարը կա Մուկուչյանի մոտ, թող ինքը ասի՝ երբ են ուղարկվել դիմումները:
«Տամ նայեք, ասեք, որ ժամին են ուղարկված դիմումները»,- ասաց Մուկուչյանը և ծրարը տվեց Կարեն Մեժլումյանին: «Չեմ կարող ասել, չեմ տեսնում ծրարի վրա գրված ժամը»,-ասաց Կարեն Մեժլումյանը: «Ծրարի վրա գրված է, չե՞ք տեսնում»,- հակադարձեց ԿԸՀ ղեկավարը:
«Չէ, չեմ տեսնում»,- պատասխանեց Կարեն Մեժլումյանը և ծրարը վերադարձեց Մուկուչյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ցանկանում է պատասխանել Տիգրան Մուկուչյանի ներկայացրած հարցերին, որոնց մինչ այդ պատասխանել է Կարեն Մեժլումյանը: Զարուհի Փոստանջյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց կրկնել բոլոր հարցերը: «Դուք մի ասեք, ես ոնց անեմ»,- ասաց ԿԸՀ ղեկավարը Զարուհի Փոստանջյանին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընդհատեց:
Զարուհի Փոստանջյանը սկսեց պատասխանել Տիգրան Մուկուչյանի հարցերից մեկին. «Մենք ներկայացրել ենք ապացույցներ, որոնք մասնագետների վերլուծություններ էին, դրանք մասնագիտական կարծիքներ են, որոնք կարող են չստորագրվել, դրանք հրապարակված նյութեր են: Բոլոր ապացույցները, որոնք վերլուծություններ են, ունեն իրական հասցեատերեր, որոնց միջնորդություն կներկայացնենք և կհրավիրենք որպես վկա: Բացի այդ, ընտրություններ արդյունքների ամփոփման ժամանակ նախ ԿԸՀ կայքը որոշ ժամանակով խափանվեց, մենք ունեցանք մեր մեկնարկային տվյալները: Մինչև ժամը 12:00-ն հաղթում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դրանից հետո, երբ միևնույն ժամանակ խափանվեց ԿԸՀ կայքը, սկսեց հաղթել Սերժ Սարգսյանը»:
Տիգրան Մուկուչյանը Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեց շարունակել և նկատեց, որ Զարուհի Փոստանջյանը սկսել է խոսել խախտումներից, և հիմա իրենք էլ կսկսեն ներկայացնել դիմող կողմի թույլ տված խախտումները: Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ խնդրեց շարադրել հարցերը, այս անգամ՝ դատարանին: Դատավոր Գագիկ Հարությունյանը նկատեց, որ իրենք պետք է գրեին հարցերը, և որոշեին՝ ով է պատասխանելու: Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ կոնկրետ պատասխան կարող է տալ միայն հստակ հարցերին, դրանք ԿԸՀ նախագֆահից ևս մեկ անգամ լսելուց հետո: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իր հարցերի պատասխանը ստացել է և հարցեր չունի:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խնդրում է հանել բոլոր հարցերը և պատասխանները՝ ևս: Այլապես, ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե թույլ չտան իրենց պատասխաններն ամբողջապես ներկայացնել, ապա կհամարի, որ դատարանը կողմնակալ է: Դատարանը հայտարարեց, որ եթե կունենան լրացումներ, կարող են պատասխանել: «Մի փորձեք ձեր անիրազեկությունը գցել դատարանի վրա»,- ասաց Գագիկ Հարությունյանը:





