Արցախում սկսվել են երկրաբանական դաշտային աշխատանքները: «2012թ. բավականին արգասաբեր էր գիտարշավի համար: Հայտնաբերվել է վարդագույն տուֆի հանքավայր, որը կապահովի տեղական շինարարության պահանջները, իսկ պահանջարկի առկայության դեպքում արցախյան շինանյութը կհայտնվի նաև միջազգային շուկայում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց արշավախմբի գլխավոր երկրաբան Սամվել Ոսկանյանը:
Արցախում արդեն կա երկրաբանական հետազոտություններով զբաղվող պետական կառույց, որը ձևավորվել է 2012 թվականին: Կառույցը զբաղվում է օգտակար հանածոների հանքավայրերի որոնմամբ և Արցախի կենտրոնական երկրաբանական ֆոնդում պահվող նյութերի ստուգմամբ: Երկրաբանական աշխատանքները ղեկավարում է ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը: Տուֆը համալրեց ԼՂՀ տարածքում առկա այլ շինանյութերի ցանկը:
Ներկայումս Երկրաբանական գիտարշավի ուշադրության կենտրոնում են գտնվում մի շարք տեղամասեր, որոնք մոտ ապագայում կարող են համալրել շինանյութերի շուկայում առկա տեսականին և ինչն ավելի կարևոր է՝ այդ շինանյութերը չեն ներկրվի արտերկրից: Եթե մետաղական օգտակար հանածոների հարցում որոշակի պարզություն կա (ԼՂՀ տարածքում այդ ոլորտում աշխատում են 11 լուրջ կազմակերպություններ), ապա ոչ մետաղական օգտակար հանածոների հարցում ամեն ինչ շատ ավելի անորոշ է: «ԼՂՀ տարածքում աշխատում են բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, որոնք, սակայն, չեն կարող բավարարել ամբողջ պետության պահանջները, առավել ևս միջազգային շուկա դուրս գալ: Հենց այս խնդրի լուծման համար ներկայումս գիտարշավի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են տանում՝ ոչ մետաղական օգտակար հանածոների տարածման տեղամասեր առանձնացնելու և տնտեսական նշանակությունը գնահատելու ուղղությամբ»,- ասաց Արցախի երկրաբանական գիտարշավի գլխավոր երկրաբան Սամվել Ոսկանյանը:
ԼՂՀ նախագահի խորհրդականի օգնական, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Քրիստափոր Խաչանովի հավաստմամբ` գիտարավի ներուժը բավականին մեծ է, անձնակազմը համալրված է երիտասարդ, բայց արդեն բավականին փորձառու մասնագետներով, որոնք ընդունակ են լուծել ոլորտում առկա խնդիրները:





