ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների, մարզային կառույցների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
Փոխվարչապետը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և աշխատանքային հաջողություններ մաղթեց: Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետը, համագործակցելով մարզի համայնքների ղեկավարների հետ, իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի առկա խնդիրների լուծմանը, իր ներդրումը կունենա մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Ա. Գևորգյանը նշեց, որ մարզում առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և համատեղ արդյունավետ աշխատանքը, ընթացիկ և առաջիկա ծրագրերի հաջող իրականացումը էապես կնպաստի դրանց լուծմանը: Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաև «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարների նկատմամբ պարտավորությունների կատարման խնդրին, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:





