AM
11 Մարտ 2013 - 14:42 AMT

Մասիսում, Աշտարակում և Վաղարշապատում սիրիահայերի համար թաղամասեր կկառուցվեն

Մարտի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ, ողջունեց տարբեր բուհերի սիրիահայ ուսանողական խորհուրդների ստեղծումը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ծանոթանալով ուսանողների խնդիրներին, նախարարը խորհրդի անդամներին առաջարկեց բացահայտել սիրիահայ ուսանողների խնդիրները և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով զբաղվել դրանց լուծմամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը հայտնեց նաև, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Այս պահին քննարկվում է ֆինանսական միջոցներ գտնելու խնդիրը: Հայտնի են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները:

Գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերն ու միջոցառումները, սիրիահայ ուսանողական խորհուրդներին կոչ արեց առավել ակտիվ մասնակցել դրանց իրականացմանը: