AM
12 Մարտ 2013 - 07:25 AMT

Oմբուդսմենի զեկույցը. ՏՄՊՊՀ-ն հատվածական է ուսումնասիրում հակամրցակցային դրսևորումները

Օմբուդսմենն այսօր ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոլորտում: Նշենք, որ սա հատված է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցից:

Արձանագրված բացթողումները

Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն.

• Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները:

• Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և չեն ձեռնարկվել իրական և արդյունավետ քայլեր ազատ տնտեսության ձևավորման համար:

• Շարունակել է ցածր մնալ հասարակության կողմից Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և վստահության մակարդակը, ինչի մասին է վկայում Հանձնաժողովին ներկայացված բողոքների սակավաթվությունը (ընդամենը՝ 28):

Արձանագրված դրական զարգացումները

• Հանձնաժողովը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ նախաձեռնել է տարբեր սեմինար-քննարկումներ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:

• Հանձնաժողովի կողմից պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքում 2012 թվականի ընթացքում բացահայտվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ հակամրցակցային համաձայնության դեպքեր:

• Հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի միջոցով կազմակերպել և իրագործել է առցանց հարցումներ` մի շարք բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Էկոնոմիկայի նախարարության բաժինը։