AM
12 Մարտ 2013 - 08:37 AMT

Հարցուպատասխան ՍԴ-ում. Հ.Թովմասյանը հիշեցրեց, որ ինքը Սահմանադրությունը կազմողներից մեկն է

Սահմանադրական Դատարանում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը լսելուց հետո պատասխանող կողմը և երրորդ կողմը իրենց հարցերն ուղղեցին նրան: Ներկայացնում ենք հատված երրորդ կողմի՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի և Անդրիաս Ղուկասյանի հարցուպատասխանից:

Հրայր Թովմասյան – Սահմանադրությամբ, բացի պետության ղեկավարը լինելուց, այլ պարտականություններ ունի՞ Սերժ Սարգսյանը:

Անդրաս Ղուկասյան – Ոչ, սահմանված է Սահմանադրությամբ, մասնավորապես 5-րդ հոդվածը:

Հ.Թ.- Կարո՞ղ եք մեջբերել:

Ա.Ղ.- Ես ենթադրում եմ, որ դուք գիտեք Սահմանադրության 5-րդ հոդվածը:

Հ.Թ.- Ես եմ եղել Սահմանադրությունը կազմողներից:

Ա.Ղ.- Ես դրա համար էլ ասում եմ, որ ենթադրում եմ՝ դուք գիտեք:

Հ.Թ.- Ըստ ձեզ, Սերժ Սարգսյանը միայն կազմակերպե՞լ է ընտրությունները, թե՝ նախապատրաստել և անցկացրել:

Ա.Ղ.- Ինչպես նա գրել է, ես այնպես էլ հասկացել եմ:

Հ.Թ. – Դուք ասում եք, որ ընտրությունները կազմակերպել է Սերժ Սարգսյանը, քարոզարշավը ընտրությունների մեջ է մտել, իսկ դուք քարոզարշավը անցկացրել եք հացադուլի մեջ. կարող ենք ասել, որ ձեր հացադուլը նա է կազմակերպել

Ա.Ղ. – Ոչ, չեք կարող:

Հ.Թ. – Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, կազմակերպելով ընտրությունները:

Ա.Ղ.- Հնարավոր է՝ նա հանձնարարականներ է տվել, թե ով, որտեղ, ինչ անի, որ տոկոսներ խփի:

Հ.Թ. – Բացի հայտնի նամակից, որևէ փաստ կարո՞ղ եք ներկայացնել, որ ազդել է ընտրության արդյունքների վրա:

Ա.Ղ. – Ես կարծում եմ բավարար է ներկայացվածը:

Հրայր Թովմասյանը ներկայացրեց, թե ըստ օրենսգրքի որ դեպքում կարող է քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվել: