Մի խումբ քաղաքացիներ բաց նամակով դիմել են Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կապված Գառնու 11-րդ դարի կամրջի վերանորոգման հետ: Կոմուրջը վերանորոգելու փախերեն վերակառուցել են և այն կորցրել է իր նախկին տեսքը: Ըստ ճարտարապետների, կամուրջը նախկին տեսքին վերադարձնելն անհնար է: Քաղաքացիների՝ Մշակույթի նախարարին ուղղված նամակում,մասնավորապես, ասվում է.
«Մենք կարծում ենք, որ այս վերականագնումը իրականում հանգեցրել է հանրապետական նշանակության պատմա-մշակութային հուշարձանի` որպես պատմա-մշակույթային արժեքի ոչնչացմանը, և արդյունքում այն դարձել է հետիոտնի համար նախատեսված սովորական անցուղի կամ կամուրջ: Մենք դատապարտում ենք նման գործելաոճը և այն անփութությունը, որով պետական լիազոր մարմինը վերաբերվում է մեր հոգևոր-մշակութային ժառանգության նյութական արժեքներին: Կարևորելով յուրաքանչյուր որոշման և դրա հետևանքների հանդեպ պատասխանատվությունը` պահանջում ենք հստակ և պաշտոնական պատասխան հետևյալ հարցադրումներին. 1. Ե՞րբ և ո՞ր պետական լիազոր մարմնում է կայացվել կամրջի վերականգնման որոշումը: 2. Եթե դա կատարվել է ՀՀ Մշակույթի նախարարությունում, ապա անվանական նշեք, խնդրեմ, բոլոր որոշում կայացնողների անունները և պաշտոնները: 3. Նշեք, խնդրեմ, նախարարության այն մասնագիտական խորհուրդը, որը քննարկել է այս հարցը և մասնագիտական դիտանկյունից կայացրել է վերականգման եզրակացությունը: Խնդրում ենք նաև նշել մասնագիտական խորհրդի անվանական կազմը և պաշտոնները: 4. Նախարարության կողմից ո՞վ է լիազորված եղել իրականացնել վերականգնման աշխատանքների վերահսկողությունը. խնդրում ենք նշել անունները և պաշտոնները: 5. Ո՞ր ընկերություններն են իրականացրել աշխատանքները և ինչպե՞ս է կատարվել դրանց ընտրությունը: Խնդրում ենք տրամադրել ընտրության որոշում կայացնողների անունները և պաշտոնները: 6. Որքա՞ն գումար է նախատեսվել դրա համար, և որտեղի՞ց է այդ ֆինանսավորումը: Նշեք, խնդրեմ, աղբյուրները` ըստ բյուջեի, ըստ դրամաշնորհի կամ նվիրատվությունների ու դրանց համապատասխան որոշումները, կամ պայամանագրերը , կամ համաձայնագրերը, կամ նվիրատվությունների ընդունման ակտերը: 7. Քանի որ աշխատանքներն ավարտվել են, ներկայացրեք, խնդրեմ, ֆինանսական հաշվետվությունը, այդ հաշվետվությունը կազմողների, դրանք հաստատողների ու աուդիտ իրականացնողների անուններն ու պաշտոնները: 8. Խնդրում ենք ներկայացնել աշխատանքների ավարտման ընդունման ակտը և դրան հարակից տեղեկատվությունը, ինչպես նաև այն ընդունողների, ստուգողների անուններն ու պաշտոնները: Բացի այդ, բացառելու համար հետագայում նման գործելաոճը և քաղաքականության իրագործումը` պահանջում ենք այսուհետ պատմամշակութային կոթողներին վերաբերվող ցանկացած նախագիծ դնել հանրային փորձագիտական քննարկման ու ստանալ հանրության կարծիքներն ու առաջարկները, իսկ եթե այդպիսի կարգ արդեն կա, ապա այն կատարելագործել, որպեսզի հանրությունը ոլորտի մասնագետների թափանցիկ գործունեության արդյունքում մասնակիցը դառնա իր հոգևոր-մշակութային արժեքների պահպանման աշխատանքներին:
Խնդրում ենք ի գիտություն ընդունել այն, որ այս նամակում բարձրացված հարցերի պատասխանները ակնկալում ենք ստանալ մարտի 15-ին, երբ կգանք նախարարություն մեր բողոքի ակցիայով ստանալու այս հաշվետվությունը և հարցերի պատասխանները: Խնդրում ենք նախապատրաստվել այս հարցով հանրային հաշվետվություն ներկայացնել ՀՀ քաղաքացիներին»:
Նշենք նաև, որ նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիա իրականացնել մշակույթի նախարարության դիմաց: Այն տեղի կունենա մարտի 15-ին` ժամը 12.00-ին:





