Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Ռամսֆելդի հրավերով հոկտեմբերի վերջին կայցելի ԱՄՆ: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում «Հայաստան. Անվտանգության եւ զարգացման հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով: Այցի ընթացքում Ս.Սարգսյանը կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստաիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Կանզասի Ազգային գվարդիայի զորավարժություններին մասնակցող հայ զինծառայողների հետ: Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը կայցելի նաեւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության բազա, որը գտնվում է Ֆլորիդայի Տամպա քաղաքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





