AM
12 Մարտ 2013 - 13:24 AMT

Փոխվարչապետն առաջարկել է միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սույն թվականի փետրվարի 28-ին դիմել էր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացման մատչելիության ապահովման նպատակով:

Պաշտպանի գրությանն ի պատասխան` փոխվարչապետն այսօր առաջարկություն է ներկայացրել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց օրենքով նախատեսված իրավունքների ապահովման համար: Այս ամսին տեղեկացնում են ՄԻՊ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Բարձր գնահատելով փոխվարչապետի արձագանքը մեր առաջարկին` համոզված ենք, որ սա նախանշում է Մարդու իրավունքների պաշտպանի և տարածքային կառավարման նախարարության միջև կառուցողական համագործակցության նոր փուլ` ուղղված Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սահմանադրական իրավունքների ապահովմանն ու խթանմանը: Այս նպատակով մեծ պատրաստակամությամբ համագործակցելու ենք բոլոր մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությունը, անխոչընդոտ տեղաշարժվելու, հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրենց իրավունքը»,-ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ::