AM
13 Մարտ 2013 - 05:17 AMT

Ավարտվել է 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը և դատարանն անցել է դատավճռին նախորդող վերջին՝ վիճաբանությունների փուլին: Այսօր նշանակված նիստում մեղադրանքը պաշտպանող դատախազները հանդես կգան մեղադրական ճառով:

Արդեն մեկուկես տարի տևող դատավարության ընթացքում չեն ապացուցվել կամ հերքվել են այս քրեական գործով զինվորական դատախազության պաշտպանած մեղադրանքի բազմաթիվ փաստական հանգամանքներ, ուստի տրամաբանական է ակնկալել, որ զինդատախազությունը հրաժարվի ինքնասպանության հասցնելու վարկածով ներկայացված մեղադրանքից և հանդես գա սպանության փաստով նոր քրեական գործ քննելու նախաձեռնությամբ:

Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին՝ ծառայության վայրում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում: Նախաքննությունն ավարտվել է դեպքից ուղիղ մեկ տարի հետո և դատարան է մտել 2011թ. օգոստոսի վերջին: Նիստերը սկզբում ընթանում էին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, այնուհետև Երևանում, իսկ 2012-ի հունվարից՝ Տավուշի մարզկենտրոն Իջևանում:

Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա ավարտել է ծառայությունն ու ազատության մեջ է:

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում են զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լևոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի և Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: