Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հավանաբար, կհաղթի Իլհամ Ալիեւի կուսակցությունը: Նման հայտարարությամբ լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 11-ին հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այն հարցին, թե հնարավոր է արդյոք իշխանամետ կուսակցության հաղթանակը կեղծիքների միջոցով, Ս.Սարգսյանը պատասխանել է.«Կեղծիքներով հնարավոր չէ հաղթանակ տանել ընտրություններում: Սակայն այդպիսի երեւույթների գնահատման համար կան միջազգային կազմակերպություններ, նրանք էլ կհայտնեն իրենց կարծիքը: Բացի այդ, այդ օրերին այնքան գնահատականներ կհնչեն, որ մեր ձայնն այստեղ ուղղակի տեղին չի»: Անդրադառնալով լարվածության հնարավոր ուժեղացմանը ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում բավականին հանգիստ է: «Ես բացառում եմ լարվածության առաջացման հավանականությունը հակամարտության գոտում: Օրինակ, յոթ ամիս առաջ պատկերը բոլորովին այլ էր, քան թե այսօր»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Ընդ որում նախարարը նշել է, որ վերջերս ադրբեջանական կողմից հնչած ռազմատենչ հայտարարությունները հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան նախընտրական հիստերիա: «Ընտրությունները ինքնատիպ տարր են, սակայն ես չեմ պատկերացնում այդ տարրի մեծությունը: Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ պարզ կդառնա երկու ամսից»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





