AM
13 Մարտ 2013 - 07:53 AMT

Հարցուպատասխան` ՍԴ-ում. Որտե՞ղ են թաքնված ականները

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների հիման վրա գործի քննության շրջանակներում դիմումատու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարցեր ուղղեց երրորդ կողմի՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարույթյունանին:

Զարուհի Փոստանջյանի մի քանի հարցերը միջնորդությամբ մնացին անպատասխան: Դրանցից երկուսը վերաբերում էին մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով այս պահին կալանավորված է: Զարուհի Փոստանջյանը ցանկացավ ճշտել Դավիթ Հարությունյանը նրան համարո՞ւմ է թեկնածու: Մյուս հարցն այն էր, որ Վարդան Սեդրակյանը ներկայում կալանքի տակ է, ինչպե՞ս է գնահատում Դավիթ Հարությունյանն այդ փաստը, դա օրինակա՞ն է, թե՝ ոչ և այդ հարցում Սերժ Սարգսյանը կազմակերպչական ի՞նչ դեր ունի:

«Հանվում է հարցը»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Զարուհի Փոստանջյան– Ձեր վստահորդը հայտարարել էր, որ կան ականներ: Դա զինամթերքի տեսակ է: Որտե՞ղ են այդ ականները, ասեք իմանաք, որ վնասազերծենք:

Դավիթ Հարությունյան– Տեղյակ չեմ այդ հայտարարությանը:

Զ.Փ.- Սերժ Սարգսյանն այդ մասին գրել է Սերժ Թանկյանին ուղղված նամակում, երբ խոսել էր ընրությունների կազմակերպման մասին: Նա ականների` զինամթերքի մասին էր խոսել: Որտե՞ղ են թաքնված ականները:

Դ. Հ- Հարցը պատասխան չի պահանջում:

Զ.Փ.-Գեղարքունիքի մարզպետի հայտարությունյան հետ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Հայտարարության մեջ շնորհակալություն էր հայտնվում աշխատակիցներին և համայնքապետերին՝ ընտրություններում լավ աշխատելու համար:

Դ.Հ.– Երբ պարզ դարձավ, որ նման հայտարարություն է տեղադրվել մարզպետարանի կայքում, անմիջապես տեղադրվել է նոր հայտարարություն, որտեղ նշվել է, որ մամուլի քարտուղարը սխալ է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետի ասածը: Մամուլի քարտուղարը նկատողություն է ստացել: Հերքված մի փաստի մասին ենք խոսում հիմա, հետևաբար Սերժ Սարգսյանի դերակատարության մասին խոսելն անիմաստ է:

Զ.Փ.- Ձեր վստահորդը, ով կազմակերպիչ է այս ընտրությունների, ի՞նչ գործ ուներ ԿԸՀ կայքի խափանման հետ:

Դ.Հ.- Կարծում եմ դուք աղավաղեցիք միտքը, նա կազմակերպիչ չէ: Նա չի կազմակերպել, և կապ չունի այդ կայքի խափանման հետ: Եթե նա կապ չի ունեցել դրա վերաբերյալ փաստ լինել չի կարող:

Զ.Փ.- Սերժ Սարգսյանի կազմակերպչական դերակատարությունը ո՞րքան էր Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքների քննության ժամանակ:

Դ.Հ.– Ոչ մի կապ չունի:

Զ.Փ.– Սերժ Թանկյանը նրան մեղադրում է կողոպուտի և ժողովրդի քվեն գողանալու մեջ, այլ մարդիկ ներգրավվե՞լ են դրա մեջ:

Դ.Հ.– Միջնորդում եմ հարցը հանել կամ կոռեկտ հարցեր տալ:

Զ.Փ.- Հարցը դարձյալ զինամթերքին է վերաբերում, որտե՞ղ է գտնվում այնուամենայինվ նշված այդ զինամթերքը, առաջարկում եմ պարզել, որպեսզի հասրակությունն իմանա, որ զգուշանա:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց և հայտարարեց, որ հարցը կարող են այլ վայրում քննության առարկա դարձնել: