Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում հարցուպատասխանը շարունակվեց ՍԴ անդամների և հարակից պատասխանող ոստիկանության ներկայացուցիչների միջև: «Քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը գա ու դիմում ներկայացնի ասենք՝ ընտրակաշառքի մասին: Հիմա կա՞ն դեպքեր, երբ փորձել եք սեփական նախաձեռնությամբ անել որոշակի կանխարգելիչ գործողություններ»,- ՍԴ դատավոր Վ. Պողոսյանը հարցրեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Թաթուլ Պետրոսյանին:
«Բարձր դատարան, մենք ձեռնարկել ենք համապատասխան բոլոր կանխարգելիչ միջոցառումներն ու ստեղծել ենք օպերատիվ արձագանքման առանձին խումբ»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը: Այնուհետև Թաթուլ Պետրոսյանին հարցեր ուղղեց նաև դիմող կողմը:
«Ընտրություններից հետո հրապարակված մի շարք զեկույցներում, այդ թվում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ զեկույցում կան հանցագործությունների մասին հաղորդումներ, ձեր ստեղծած օպերատիվ խումբն անդրադարձե՞լ է դրանց ու ի՞նչ եզրակացությունների է եկել,- հարցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Թաթուլ Պետրոսյանը պատասխանեց. «Անդրադարձել ենք, բայց զեկույցներում ընդհանրական մոտեցում է տրված: Եթե դիտում եք, որ դրանցից մեկում կոնկրետ հանցագործության մասին հաղորդում կա, ներկայացրեք՝ քննության առնենք»: Մյուս հարցին, թե Սերժ Սարգսյանի թվեր խփելու արտահայտությանն անդրադարձե՞լ եք, Թաթուլ Պետրոսյանը պատասխանեց. «Թեկնածուների հայտարարություններին չենք անդրադառնում»: Զարուհի Փոստանջյան- Իսկ եթե դրանցում բռնության կոչեր կա՞ն:
Թաթուլ Պետրոսյան- Իսկ կա՞ն, խփելը կարող է ձեզ համար բռնության կոչ ունի, մեզ համար՝ ոչ: Բացի այդ մի բառ է՝ նախադասությունն ասեք, – պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:
Զ.Փ.– Որքան ուզենք՝ այդքան կխփենք: Սա է նախադասությունը:
Թ.Պ. – Ոչ, բռնության կոչ չկա,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:
Զ.Փ.– Ուրեմն խփելը բռնություն չէ՞,- ճշտեց Զ. Փոստանջյանը:
Թ.Պ.- Ոչ,- ավարտեց Թաթուլ Պետրոսյանը:





