ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և Միջազգային Բանտային Բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ այսօր ներկայացրեցին Հայաստանում Անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրությունը անչափահասների արդարադատության համատեքստում:
Ուսումնասիրությունը, որն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կրիտիկական զանգվածի ընդգրկումը. Եվրոպական հարևանության երկրներում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեմ Անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխումների ամբողջացում» ծրագրի շրջանակներում, բացահայտել է թե՜ մինչ դատավարությունը և թե՜ դատավարության ընթացքում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անչափահասների իրավունքների լուրջ ոտնահարման դեպքեր:
Ուսումնասիրության համար հարցազրույց անցած 82 անչափահասներից մոտ 21 տոկոսն իրազեկված չէր ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չէր կարդացել ձերբակալության արձանագրությունը՝ նախքան այն ստորագրելը: Չնայած դեպքերի մեծ մասում անչափահասները կալանավորման կամ ձերբակալման ժամանակ իրազեկված էին իրենց իրավունքների մասին, անչափահասների 31 տոկոսն ընդունեց, որ նրանք երբեք չեն իրազեկվել իրենց իրավունքների մասին:
Համաձայն այս ուսումնասիրության անչափահասների հարցաքննության դեպքերի մեծ մասում փաստաբանները ներկա չեն եղել: Անչափահասների հետ անցկացրած հարցազրույցները նաև բացահայտեցին, որ դաժան վերաբերմունքի ամենատարածված ձևերը խոստովանություն ձեռքբերելու նպատակով կիրառվող ծեծն ու ֆիզիկական ճնշումն էր: 8 երեխա նշեց, որ նրանք ոստիկանությունում ֆիզիկական բռնության են ենթարկվել: Խոսելով դատավճիռների և դատավարության ժամանակ դատավորների կատարողականի մասին՝ հարցազրույցն անցած անչափահասների կեսը համաձայնեցին, որ նրանք արդար են եղել, մինչդեռ 32 տոկոսն ընդունեցին, որ ոչ դատավորը, և ոչ էլ դատավճիռն արդար չի եղել՝ ելնելով նախկինում իրենց դատված լինելու հանգամանքից:
«Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է անչափահասների արդարադատության վերաբերյալ համապարփակ քաղաքականության մշակում և իրականացում, մինչդեռ այսօր Հայաստանում անչափահաս իրավախախտների պաշտպանությունը պատշաճ ձևով չի իրականացվում: Անչափահասների դատավարությունները չեն իրականացվում երեխաների համար մատչելի լեզվով, երեխաների լավագույն շահը, նրանց տարիքը հաճախ հաշվի չի առնվում», նշեց Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այս ուսումնասիրությունը բազմաթիվ սխալներ է վերհանել, որոնց համար մի շարք համալիր միջոցառումներ են անհրաժեշտ: «Քաղաքականությունը և օրենսդրությունը միակ ոլորտները չեն, որոնցում միջոցառումներ են անհրաժեշտ դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Տուժողներին օժանդակելու նպատակով արդյունավետ միջամտություններ և կանխարգելիչ նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել տարբեր մասնագետների համագործակցության մեխանիզմ, որին ներգրավված կլինեն ոստիկանության, արդարադատության ոլորտների ներակայացուցիչներ, ինչպես նաև՝ սոցիալական աշխատողներ և հոգեբաններ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը՝ շեշտելով, որ Հայաստանում արդեն իսկ գործող համայնքային վերականգնողական կենտրոնները կարևոր գործառույթ կարող են կատարել օրենքի հետ խնդիր ունեցող և իրավախախտ երեխաներին, նրանց ընտանիքներին ու տուժածներին վերականգնողական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեպքերի հայտնաբերմանն ու հաղորդմանն աջակցելու հարցում:
«Եվրամիությունը պատրաստ է հայտնել աջակցելու անչափահասների արդարադատության համապարփակ համակարգի ստեղծմանը և մասնավորապես դաժան վերաբերմունքի և խոշտանգման դեմ ուղղված բարեփոխումներին», նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական, պրն Օննո Սիմոնսը: Նա նաև անդրադարձավ ուսումնասիրության արդյունքում վերհանված տվյալներին և կոչ արեց հրատապ քայլեր ձեռնարկել դրանց արձագանքելու համար:
Այս ուսումնասիրությունը ոչ միայն փաստեր է տրամադրում, այլ նաև կոչ է անում կոնկրետ քայլեր իրականացնել օրենքի հետ խնդիր ունեցող և իրավախախտ երեխաների իրավունքները ապահովելու համար՝ հատուկ շեշտ դնելով օրենսդրական փոփոխությունների վրա, որպեսզի դրանք համապատասխանեցվեն միջազգային համաձայնագրերին՝ արգելելով դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, մասնավորապես երեխաների հանդեպ: Ավելին, սույն ուսումնասիրությունը կոչ է անում անչափահասների ազատազրկման փոխարեն այլընտրանքային միջոցների լայն կիրառում և ավելի սերտ համագործակցություն տարբեր համայնքային ծառայությունների միջև նրանց վերականգման և հասարակության մեջ վերաինտեգրման համար:





