AM
13 Մարտ 2013 - 13:11 AMT

EHRA –ն պատրաստակամ է աջակցել մեր երկրում առիթմիոլոգիական ծառայության զարգացմանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Սրտի ռիթմի եվրոպական ընկերության (European Heart Rhythm Association- EHRA) նախագահ, պրոֆեսոր Անժելո Աուրիչիոյին։

Բարձր համարում ունեցող այս կազմակերպությունը լուրջ հաջողություններ է արձանագրում սրտի ռիթմի խանգարման և դրանից մահացության ցուցանիշների կրճատման, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման գործում։ Պրոֆեսոր Անժելո Աուրիչիոն այդ ձեռքբերումները նախարար Դումանյանին ներկայացրեց` վկայակոչելով ընկերության անդամ 55 երկրների 2008 թվականից ի վեր ունեցած առաջընթացը հավաստող վիճակագրական տվյալները, որոնք ամփոփված են իրենց կողմից հրատարակվող «ЕР EUROPACE» ամսագրում։ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունն այդ ենթատեքստում վերլուծել է նաև Հայաստանի այսօրվա հնարավորություններն ու վաղվա մարտահրավերները։ Առաջիկա տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կավելանա հիվանդների թիվը, որն էլ կենթադրի համապատասխան ծառայություններ իրականացնող նոր կենտրոնների ստեղծում։

Անժելո Աուրիչիոն հավաստեց, որ Սրտի ռիթմի եվրոպական ընկերությունը պատրաստակամ է աջակցել մեր երկրում առիթմիոլոգիական ծառայության զարգացմանը։ Դերենիկ Դումանյանը փաստեց, որ Հայաստանում սրտաբանության որոշ ճյուղերում լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Բավական զարգացել է սրտային վիրաբուժությունը` ինչպես բաց, այնպես էլ ինվազիվ։ Պետության կողմից լուրջ ներդրումներ են կատարվել նոր կենտրոններ ստեղծելու, մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այս տարվանից երկու նոր կենտրոն կգործի մարզերում` Գյումրիում և Սյունիքում։ Սակայն առիթմոլոգիայի ոլորտում անելիքները դեռ շատ են։

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անժելո Աուրիչիոն տեղեկացրեց, որ Սրտաբանների եվրոպական միության անդամ երկրների բարձր որակավորում ունեցող գիտնականները կրթական արդյունավետ ծրագրեր են մշակել, որոնք մասնագետներին հնարավորություն են տալիս տիրապետելու բարձր տեխնոլոգիաներին։ Նա հայտնեց, որ պատրաստ են հայ մասնագետներին սովորեցնել անգամ հեռակա կարգով։ Եվ խոստացավ ուղարկել անվճար ուսուցման ծրագիր։