AM
13 Մարտ 2013 - 13:24 AMT

Վարչարարական նոր գործընթաց. ՊԵԿ-ը և հասարակական կազմակերպություններ երկխոսում են

Պետական եկամուտների կոմիտեի` վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն է: Առաջնորդվելով այս սկզբունքով` կոմիտեն որդեգրել է ինչպես բիզնեսի, այնպես էլ ոլորտում հիմնական դերակատարում ունեցող հասարակական կազմակերպությունների հետ խնդիրները, վարչարարական նոր մոտեցումները համատեղ քննարկելու գործելաոճ: Կարևորելով նրանց դերը փաստաթղթաշրջանառության ապահովման գործում՝ կոմիտեում այսօր հանդիպում էր կազմակերպվել, որի նպատակը գործընթացի կարգավորման վարչարարական և օրենսդրական խնդիրներին հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնելն էր:

Անդրադառնալով տնտեսավարման հավասար պայմանների ապահովման խնդրին` ՊԵԿ նախագահը նշել է, որ արդեն իսկ ներդրվել է «օրինապահ» հարկ վճարողների խրախուսման մեխանիզմ, ինչը հարկատուին հնարավորություն է տալիս ինքնուրույն գնահատել իր աշխատանքը. «Այս մոտեցումը նոր մշակույթ է և մեծ հնարավորություն բիզնեսի համար: Եթե մեր ուսումնասիրությունները ցույց տան, որ տվյալ բիզնեսն իսկապես մաքուր է աշխատում, ՊԵԿ աշխատակիցները նրան չեն անհանգստացնի: Շատ կարևոր է, որպեսզի բիզնեսի և կոմիտեի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվի. գործարարը պետք է համոզվի, որ մեր գործողությունները ոչ թե ժամանակավոր, այլ հետևողական բնույթ են կրում»,-նշել է կոմիտեի նախագահը:

ՀԿ-ների հետ հանդիպմանը նախորդել է ընդլայնված կազմով ՊԵԿ նախագահի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Գագիկ Խաչատրյանը հստակ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: Ըստ այդմ, փաստաթղթաշրջանառության հսկողության միջոցառումների շրջանակում նախատեսվում է պարբերաբար վերլուծություններ իրականացնել` ըստ ոլորտների, ապրանքատեսակների և հարկային տեսչությունների, մշակել վարչարարական և օրենսդրական առաջարկություններ, գերատեսչական հսկողության ծրագիր և մշտադիտարկում իրականացնել: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: