AM
13 Մարտ 2013 - 13:58 AMT

Ծպտյալ հայերի ինքնության խնդիրների վերաբերյալ քննարկումների շարք սկսելու անհրաժեշտություն կա, կարծում է Հրանուշ Հակոբյանը

Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր ելույթում կարևորեց հայ ինքնության պահպանման հետ կապված խնդիրները: Նախարարը նշեց, որ հայության երկու երրորդը աշխարհասփյուռ է և, բնականաբար, այլ երկրներում հայ ինքնությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Մյուս կողմից տեղի է ունենում հայադարձության գործընթաց: Նախարարը խոսեց կրոնափոխ և ծպտյալ հայերի ինքնության խնդիրների վերաբերյալ քննարկումների շարք սկսելու անհրաժեշտության մասին:

Լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանը ներկայացրեց «Արևմտահայերենի անցած հարյուրամյակը և անոր մարտահրավերները իբրև ինքնության միջոց» զեկուցումը, արևմտահայերենի առջև ծառացած հիմնախնդիրները:

«Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը իբրև հայկական ինքնությունների ձևավորիչ (ընդհանրություններ և առանձնահատկություններ)» զեկուցումով հանդես եկավ պատմական գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը: Գիտաժողովի առաջին օրն ամփոփվեց քաղաքական գիտությունների դոկտոր, Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի «Հայ ազգանունները իբրև ինքնության խորհրդանշան և անոնց աղավաղումը» զեկուցումով: Մարտի 14-ին գիտաժողովը կշարունակի իր աշխատանքը: