AM
13 Մարտ 2013 - 15:20 AMT

Աղետի կապոց պատրաստեք. Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքների դեմ ԱԻՆ-ը վարքականոն է տարածել

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքներով պայմանավորված ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել: PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում: Իսկ, ինչպես նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:

Այսպես, ի՞նչ անել մինչև ջրհեղեղը – Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց: – Պատրաստեք ավազով լցված պարկեր: – Մաքրեք կոյուղին: – Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար): – Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին: – Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ: – Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն եւ այլն): – Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր: – Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ: – Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը: – Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին: – Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները: – Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն): – Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր: – Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ – Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում: – Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք: – Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար: – Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար: – Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից: – Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը` – հիմքի ամբողջությունը. – պատերի, պատուհանների և հատակի վիճակը. – հաղորդակցության համակարգը. – թունավոր օձերի հնարավոր առկայությունը. – ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով. – խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո. – մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը. – նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը. – հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին. – վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում. – առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ: