Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հրապարակել հատվածներ Օմբուդսմենի տարեկան զեկույցից: Այսօր հրապարակվել է զեկույցի Գյուղատնտեսության նախարարության ոլորտում Մարդու իրավունքների վիճակի մասին հատվածը:
Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները
• Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայնգործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
• 2012 թվականին նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին:
• Օրենքով որպես պարտադիր պահանջ չի նախատեսվել գյուղատնտեսական կենդանիների մորթը սպանդանոցներում իրականացնելը:
• Նախատեսված ժամկետների խախտմամբ է իրականացվել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից սկսած «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ծրագիրը:
• Ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ գյուղատնտեսական ապահովագրության ինստիտուտի բացակայությունը:
Արձանագրված դրական զարգացումներ
• 2012 թվականի ընթացքում իրականացվել են պլանային ստուգումներ, մասնավորապես` հացամթերքի շուկայում և մի շարք իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր:
• ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացումը»:
• ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ պայմանագրեր են կնքվել հինգ կազմակերպությունների հետ ՀՀ տարբեր մարզերում սպանդանոցներ հիմնելու նպատակով:





