AM
14 Մարտ 2013 - 09:01 AMT

Հ.Խուրշուդյանն ու Ռ.Հակոբյանը բանակցում են ոստիկանության հետ, որպեսզի թույլ տան վրան տեղադրել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում վրան տեղադրելու համար կուսակցության ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանն ու Ռուբեն Հակոբյանը բանակցում են ոստիկանության ներկայացուցիչներ՝ գնդապետ Օսիպյանի և փոխգնդապետ Մովսիսյանի հետ:

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աղմուկ է, և խոսել չի լինում, առաջարկեց առանձնանալ ու քննարկել: Նա խնդրեց իրենց մենակ թողնել իրենց և խոստացավ ներկայացնել քննարկման արդյունքը:

Ինչպես հայտնել էինք, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները նրա համար վրան են փորձում տեղադրել, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս` պատճառաբանելով, որ թույլտվություն չկա: ՄԻՊ ներկայացուցիչը գրություն էր ներկայացրել և հայտարարել, որ ոստիկանության գործողությունները օրինաչափ չեն. հակասում են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Ոստիկանության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին, որ այսպիսով խոչընդոտվում են այլոց իրավունքները: