Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի մարտի 6-ի ընդլայնված նիստի օրակարգում քննարկվել էր Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» կողմից ներկայացված տաքսի ծառայություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական նախաձեռնության շրջանակում քննարկվող հարցերը վերաբերել են ավտոմեքենաների դեղին պետհամարանիշները ինքնակպչուն կտրոններով փոխարինելուն, բուժզննման և տեխզննման գործառույթները վերացնելուն, տաքսիների հաշվիչների սակագների տարբերակված կիրառմանը, վարորդների չնորմավորված աշխատաժամանակին և վճարմանը, ինչպես նաև անհատ ձեռներեց վարորդների կարգավիճակը ֆիզիկական անձի կարգավիճակով փոխարինելուն:
Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է այդ փոփոխությունների նպատակահարմարության մասին, նշել, որ ցանկալի է` օրենսդրական նախաձեռնության մեջ ավելացվի «կամավոր» բառը. փոփոխությունները դժգոհություն են առաջացրել վարորդների շրջանում։
«Ես առաջարկում եմ, որ կամավոր սկզբունքով լինի` վարորդներն ընտրեն դեղին, թե սպիտակ պետհամարանիշ, որոշ ժամանակ անց կարող է պարտադիր դառնալ` այն դեպքում, երբ արդեն կընդունվի հասարակության կողմից: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Տ. Հովհաննիսյանն ու ավելացրել. «Եթե քննարկենք հարկերի հարցը, ապա լիցենզավորում չլինելու դեպքում վարորդը խնայում է գումար, դա վատ չէ: Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ այսօր մեր քաղաքացիները նախընտրում են դեղին պետհամարանիշներով տաքսիները։ Երբ մի քանի տարի առաջ սպիտակ պետհամարանիշները փոխարինեցին դեղինով, դա բողոքի ալիք բարձրացրեց: Հիմա նոր փոփոխությունը կարող է նույն իրավիճակը ստեղծել»,- ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով տրանսպորտի ոլորտի խնդիրներից ուշագրավ են նաև «գծի տերեր», «պլանի փող» հասկացությունները, որոնք չպետք է լինեն: «Օրենքով մի երթուղային գծում պետք է լինի 2 վարորդ: Նրանք պետք է աշխատեն 8 ժամ և որոշակի աշխատավարձ ստանան: «Պլանի փող» ասվածը պետք է դուրս գա, բայց դա կարող է լինել հարկային բեռը թեթևացնելու դեպքում, հակառակ դեպքում այս մարդաորսը, որ նկատելի է վարորդների շրջանում, կշարունակվի»:





