AM
14 Մարտ 2013 - 11:15 AMT

Արմավիրի մարզում սկսվել են ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Սարդարապատ համայնքում կայացած հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուներ:

Փոխվարչապետը կարևորելով գյուղացիական տնտեսություններին ժամանակին և անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` ՋՕԸ ղեկավարներին հորդորեց սեղմ ժամկետներում ավարտել ոռոգման շրջանի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները և արդեն պատրաստվել ոռոգման կազմակերպման աշխատանքներին: Քննարկվեց մարզի որոշ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության փետրվարի 21-ին շուրջ 440 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մարզի որոշ տարածքներում սակավաջրության խնդիրը լուծելու համար: Տեղեկացվեց, որ արդեն մեկնարկել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների կառուցման աշխատանքները:

Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ա. Գևորգյանն այցելեց նաև մարզի Հայկավան, Մրգաշատ համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում նշված համայնքներում առաջիկայում կմեկնարկեն դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքները, այդ նպատակով ընդհանուր առմամբ 100 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետը ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ: Նա նաև տեղերում պատասխանատուների հետ քննարկեց ծրագրի ընթացքը, կարևորեց աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

Արմավիրի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագիրը ևս հիմնականում ուղղվել է դպրոցների վերանորոգմանը: Միայն այս ծրագրի շրջանակում մարզում կվերանորոգվի 18 դպրոց, որին կուղղվի 1 մլրդ դրամ` մարզին հատկացված 1,3 մլրդ դրամից: