ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումներն անհիմն ու մերկապարանոց էին:
«Կարծում եմ, գործի քննության այս օրերին բոլորին հայտնի դարձավ, թե ինչ ծավալով են կողմերը օգտագործել իրենց հնարավորությունները», – ՍԴ-ում նշված գործի մերժման որոշումը լսելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ աննախադեպ էր միայն, որ մեկ ընտրատեղամասում 17/5-ում արդյունքներն անվավեր ճանաչվեցին, ինչը չի կարող վերաբերել ամբողջ արդյունքներին: Մուկուչյանն ասաց, որ եթե կային այլ փաստական հանգամանքներ, ապա թող ներկայացնեին ու ապացուցեին մյուս ընտրատեղամասերի մասով ևս:
Գործի շրջանակում որպես երրորդ կողմ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ընտրական օրենսդրքի վերջին բարեփոխումների նպատակն է ստեղծելմ վերահսկողության մեխանիզմներ, ինչի շնորհիվ էլ պետք է բարձրանար ընտրական գործընթացների վերաբերյալ հասարակության վստահությունը: Եթե ԱԺ բոլոր խմբակություններն ունենում են մեկական անդամ հանձնաժողովներում, ապա նրանք բոլորը պատասխանատվություն են կրում:
«Ուժերը, որոնք բացասաբար են արտահայտվում ընտրական պրոցեսների վերաբերյալ, պետք է անեին ամեն ինչ, որ իրենց ներկայացուցիչներն իրականացնեին օրենքով սահմանված պարտավորությունները», – հայտարարեց Հարությունյանն ու նշեց, որ եթե ամեն մեկը կատարեր իր պարտականությունը, նման իրավիճակ չէր ստեղծվի:
«Որպես կանոն, օրենքով սահմանված գործիքները պետք էր օգտագործել, որպեսզի դրանք գործեին», – եզրափակեց նա:





