Տաքսիների դեղին պետհամարանիշները հիմա էլ սպիտակով ու կպչուն կտրոններով են փոխարինվում, որ մարդիկ իրենց տաքսիով հարսանիք գնալիս չամաչեն, որ կարողանան պետական սահմանն անցնել ու ամառը Վրաստան գնան: Նոր փոփոխության հիմնավորումը «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Եղիազարյանինն է` լուրջ, կատակ, թե կեսկատակ` ինքներդ որոշեք:
Այս փոփոխության շնորհիվ վարորդները տարեկան կխնայեն շուրջ 32 հազար դրամ։ դարձյալ Արմեն Եղիազարյանի նկատառումն է: Նրա խոսքով`այս նախագծի ընդունումը թույլ կտա ֆիզիկական անձանց` չառնչվել հարկային տեսչության հետ։ «Նախագծի համաձայն` վարորդը չի ձևակերպվի որպես անհատ ձեռներեց, ինչի շնորհիվ կվճարի ավելի քիչ հարկեր։ Կգործի «1 պատուհան» սկզբունքը, և չի լինի միջնորդավորված լիցենզավորում», – այսօր ասուլիսի ժամանակ նշեց Ա. Եղիազարյանը։ Նա համոզված է նաև, որ լիցենզավորման նոր մեթոդի շնորհիվ ավելի շատ վարորդներ կապահովվեն աշխատանքով։
Արմեն Եղիազարյանը մեկնաբանեց առաջացած դժգոհությունները՝ նշելով, որ դժգոհողները նրանք են, ովքեր նախկինում միջնորդ էին լիցենզավորման գործընթացում։ «Նոր նախագծով հեշտացվում է այդ գործընթացը, և վարորդը վճարելու է միայն արտոնագրային վճարը», – ասաց Ա.Եղիազարյանը:
Իսկ թե ինչու մի քանի տարի առաջ պետհամարանիշների սպիտակից դեղինի փոխվեցին, Ա. Եղիազարյանը ևս պատասխանեց. «Որ տաքսիները հաշվառվեն»: Հիմա արդեն դրանք հաշվառվել են ու այլևս դեղին պետհամարանիշներն իմաստ չունեն: Իմաստ չունեն նաև տեխզննումն ու բուժզննումը, քանի որ դրանք ֆիկտիվ են, և ինչպես Ա. Եղիազարյանն էլ նկատեց, ուղղակի բիզնեսի են վերածվել: Չնայած եթե մինչ օրս չեն իրականացվում, դեռ չի նշանակում, որ կարիքը չկա: Բայց դրան էլ պատասխան կա` վարորդական իրավունքի վկայական ստանում են միայն այն վարորդները, որոնք չունեն արդեն սահմանված, առանձնացված որոշակի հիվանդություններ:





