AM
14 Մարտ 2013 - 17:37 AMT

Հայտարարվել է Լիտվայի և ԼՂՀ-ի բարեկամության խմբի ստեղծման մասին

Մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:

Նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրել է լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը և հայտարարել է խմբի առաջին նիստի մասին:

Ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը և վնասում է երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակ Գապշիսը ընդհատելով Աժուբալիսին, տեղեկացրել է, որ Սեյմասի կանոնադրության որևէ խախտում չի եղել:

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն ի պատասխան Աժուբալիսի հայտարարությանը մատնանշել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է և չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումներին, հիշեցնելով նախկին արտգործնախարարին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել և անդամակցել են Թիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին` տարակուսանք հայտնելով, որ նախկին արտգործնախարար Աժուբալիսի կողմից որևէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել: