Բնապահպանության նախարարությունում մոտ մեկ ժամ առաջ սկսվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Մրցույթի ընթացքին որպես դիտորդ հետևելու համար նախարարություն էին եկել 2 բնապահպան ու 2 գիտաշխատող, սակայն նրանց, ինչպես նաև լրագրողներին թույլ չեն տվել բարձրանալ ու տեղում հետևել մրցույթի ընթացքին: Միայն օպերատորներն ու լուսանկարիչներն են 5 րոպեով մտել այն սենյակ, որտեղ մրցույթի մասնակիցներն ու հանձնաժողովի անդամներն են եղել: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ միայն նրանց իրավունք ունեն ներկա լինել, իսկ դիտորդներն ու լրագրողները կխանգարեն:
«Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել էր Բնապահպանության նախարարությանը պահաջով, որ հանրությունը, բնապահպաններն ու գիտության ներկայացուցիչները հնարավորություն ունենան հետևել մրցույթի ընթացքին: Հիմա եկել ենք ու մեզ թույլ չեն տալիս վերև բարձրանալ: Մենք դիմելու ենք ՄԻՊ-ին», – ասաց դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, որ իջել էր 5-րդ հարկից, որտեղ տեղակայված է նախարարությունը` հարթելու 1-ին հարկում սկսված աղմուկը, տեղեկացրեց, որ շենքին կից` Ավ. Իսահակյանի անվան գրադարանում դահլիճ է հատկացվել ու մրցույթի ընթացքն ուղիղ հեռարձակվում է:
«Մենք չենք ուզում, որ մեզ կինո, սերիալ ցույց տան», – ասաց բնապահպաններից Մարիամ Սուխուդյանը: Ի դեպ այդ դահլիճում մրցույթի սկզբի մոտ 30 րոպեի ընթացքում ձայն չկար` չէր լսվում` ինչ են խոսում, միայն կադր էր:
«Մենք գիտենք, թե ինչի համար է այս ամենը: Մենք` բնապահպաններս, ունենք մեր թեկնածուն` Ալբերտ Դումիկյան, որը գերազանց մասնագետ է, արգելոցում աշխատելու մոտ 10 տարվա փորձ ունի, իսկ մյուս թեկնածուների թվում կան մարդիկ, որ վերևներից են ու իրենցից մեկը պիտի հաղթի», – ասաց Սիլվա Ադամյանը:
Այս խոսքից որոշ ժամանակ անց PanARMENIAN.Net-ի թղթակիցը պարզեց, որ Ալբերտ Դումիկյանն այլևս մրցույթին չի մասնակցում: Նրա թեկնածությունը հանվել է, քանի որ տվյալները չեն համապատասխանել պահանջներին` Ա, Դումիկյանը ՌԴ քաղքացի է:
Սիլվա Ադամյանը PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ կմտածեն ինչ անել, բայց ակնհայտ է, որ արդեն 7 ամիս է Ա. Դումիկյանին ՀՀ քաղաքացիություն չեն տալիս հենց այսօրվա համար:
Նախապես հայտարարված 11 թեկնածուներից այսօր մրցույթին 7-ն էր մասնակցում: Ա. Դումիկյանից բացի, հանվել է նաև Արայիկ Կարապետյանի թեկնածությունը` տարիքը չի համապատասխանել: Վահան Դավթյանը դիմում է ներկայացրել ու հրաժարվել մասնակցությունից, իսկ Վարդան Մամիկոնյանը չի ներկայացել:
Թե ով կլինի «Խոսրովի անտառի» տնօերնը, հայտնի կլինի մի քանի ժամից:





