AM
14 Հոկտեմբեր 2005 - 08:48 AMT

Հայաստանի եւ Սինգապուրի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Պաշտոնական այցով խաղաղօվկիանոսյան երկրներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Սինգապուրում հանդիպեց իր պաշտոնակից Ջորջ Եոին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վ. Օսկանյանը ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի վիճակը արդի աշխարհաքաղաքական միջավայրում, տարածաշրջանի հնարավորությունները եւ զարգացման միտումները: Այնուհետեւ ծավալվեց մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Այդ առումով քննարկվեցին երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները` սկսելով ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացումից եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումից: Քննարկվեց նաեւ սինգապուրյան զարգացման փորձի վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու հնարավորությունները: Դրական գնահատելով միջազգային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ում համագործակցության փորձը` երկուստեք պատրաստակամություն հայտնվեց այսուհետ եւս խորացնել այդ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ աշխարհի տարբեր մասերում առկա հակամարտությունների եւ դրանց կարգավորման ուղիների մասին: Այդ շրջանակներում նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային ընթացքի ներկա վիճակը եւ հեռանկարները: Նույն օրը նախարար Օսկանյանն այցելեց Սինգապուրի հայկական եկեղեցի եւ հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վ. Օսկանյանը աշխատանքային հանդիպում ունեցավ նաեւ Սինգապուրի պետական նախարար Զայնուլ Աբիդին Ռաշիդի հետ: Նույն օրը ուշ գիշերին ՀՀ ԱԳ նախարարը Սինգապուրից մեկնեց Երեւան: