Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին աշխատանքային հանդիպում է ունեցել քաղաքական կոալիցիայի խորհրդի անդամների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում որոշվել է ձեւավորել սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման համակարգող խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն քաղաքական կոալիցիայի եւ սահմանադրական բարեփոխումներին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Խորհրդի աշխատանքները կհամակարգի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Համակարգող խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 18-ին:





