Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարժմանը պետք է զանգվածային տեսք տար, այն պետք է դառնար համաժողովրդական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենք երկար զրուցել են։
«Ես գտնում եմ, որ նախագահի թեկնածուն չպետք է գնա հացադուլի ճանապարհով, սա այնքան էլ սազական չէ նախագահի թեկնածուին: Ինձ համար ընդունելի չէ նրա այն հայտարարությունը, թե՝ միայն իմ դիակի վրայով Սերժ Սարգսյանը երդում կտա, ես չեմ ուզում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիակ դառնա»,- ասաց երկիրի գլխավոր կոմունիստը: Նա նկատեց, որ իշխանությունները վերջին քսաներկու տարիներին այնքան ընտրություններ են կեղծել, այնքան ընտրակաշառք են տվել, որ ժողովրդի մեջ կասկածամտություն են ստեղծել:
«Արդեն քսան տարի մենք կրկնում ենք, որ երկիրը թալանվել է և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ: Վերջին հաշվով, տուժողը լինելու է ժողովուրդը, նորից արտագաղթ, գործազրկություն, թանկացում: Սիրտս արյուն է լալիս, երբ տեսնում եմ թոշակառուի վիճակը: Քայլեր չի արվում իրավիճակը շտկելու համար»,- եզրափակեց Ռուբեն Թովմասյանը:





