AM
18 Մարտ 2013 - 08:49 AMT

Շուտով կգործարկվի Գառնու երկրաֆիզիկական դիտարանը

Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման և վերազինման ծրագրի շրջանակներում, մարտի 15-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, նույն ՊՈԱԿ-ի դիտացանցերի տարածքային վարչության պետ Ռ. Ստեփանյանը, ԳԵԴ վարիչ Լ. Հախվերդյանն այցելել են դիտարան: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այցի նպատակն էր ճշգրտել դիտարանի թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի և լազերային ինտերֆերոմետրի այսօրվա վիճակը և դրանց արագ վերականգնմանն ուղղված քայլերը: Ուշադրությունից դուրս չմնաց նաև սարքերից ստացվող տվյալների գրանցման համակարգը, որը տեղադրված է դիտարանի շենքում: Զննության արդյունքում արվել են գրառումներ և բազմաթիվ լուսանկարներ: Դրանք նաև կտրամադրվեն Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի (ԵՖԻ) մասնագետներին, որոնք ժամանակին նախագծել և տեղադրել են նշված սարքերը: Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամ է մասնակցել ԳԵԴ նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին՝ հիմք ընդունելով ՍՊԱԾ-ի և Երկրի ֆիզիկայի ինստիտուտի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը և շարունակելով երկարամյա համագործակցությունը: