Մարտի 14-ին Ալմաթայում տեղի է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Միջինասիական և Անդրկովկասյան երկրների տարածաշրջանային համագործակցության հանդիպում, որը կազմակերպել էր ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Միջոցառման նպատակն էր քննարկել 2015 թ. հետո Հյոգոյի գործողությունների ծրագրի (ՀԳԾ) շարունակականության ապահովման հետ կապված և ԱՌՆ տարածաշրջանային պլատֆորմ ստեղծելու հարցերը: Առաջին կետի շուրջ հայկական պատվիրակությունն առաջարկել է նույնը թողնել ՀԳԾ ներկայիս հինգ ուղղությունները` զարգացնելով դրանց գործառույթները։ Քանի որ Ճգնաժամային կառավարման տեսանկյունից` ներկայիս ուղղություններն ապահովում են միայն աղետներին նախապատրաստման և արձագանքման փուլերի իրականացումը, բաց թողնելով վերականգնման փուլը, մեր պատվիրակությունն առաջարկել է 2015 թ. հետո ընդգրկել նաև վերականգնման փուլի գործառույթները` այդպիսով ապահովելով ճգնաժամային կառավարման ամբողջական ցիկլը (նախապատրաստում, արձագանքում և վերականգնում):
Հայկական պատվիրակությունը կողմ է արտահայտվել ԱՌՆ տարածաշրջանային պլատֆորմ ստեղծելու գաղափարին և դրա վարչական կենտրոնն Ալմաթայում տեղակայելուն։ Որպես համագործակցության տեսանելի օրինակ` առաջարկվել է տարածաշրջանային պլատֆորմի կրթական կենտրոնը հիմնել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Նշյալ առաջարկները հավանության արժանացան և կքննարկվեն Ժնևում կայանալիք ԱՌՆ գլոբալ պլատֆորմի հանդիպմանը: Հանդիպման վերջում կնքվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի և Ղրղզստանի ԱՌՆ ազգային պլատֆորմների միջև: Այն նպատակ ունի սերտացնել երկու երկրների պլատֆորմների միջև համագործակցությունը: Հայկական պլատֆորմի կառուցվածքային մոդելով առավել հետաքրքրված էին Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները, որոնց հետ ձեռք է բերվել բանավոր համաձայնություն` առաջիկայում անցկացնել փորձի փոխանակման քննարկումներ:





