AM
19 Մարտ 2013 - 09:21 AMT

Փորձագետ. Վրաց-ադրբեջանական հարաբերություններում միշտ են հակասություններ եղել

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում միշտ էլ հակասություններ են եղել, իսկ վերջին շրջանում հարաբերությունները լարվել են, և դա արտահայտվում է նաև 2 պետությունների պաշտոնյաների հայտարարություններում: Կարծիքը վրացագետ Ալիկ Էրոյանցինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ հիմնավորեց այն. «Վրաստան-Ադրբեջան պետական սահմանի 35 տոկոսանոց հատվածի շուրջ դեռևս կան հակասություններ, սահմանի այդ հատվածի հարցը վերջնականապես որոշված չի: Կան հակասություններ նաև Դավիդ Գարեջի վանական համալիրի պատկանելության շուրջ, քանի որ 2 կողմերն էլ հայտարարում են համալիրի` իրենց պատկանելու մասին»: Վրացագետի խոսքով Թբիլիսիի և Բաքվի միջև խնդիրները պայմանավորված են նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիներով, քանի որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում նրանց իրավունքների պաշտպանության համար: Մինչդեռ Ադրբեջանում բնակվող վրացիները ճնշված են` ադրբեջանական իշխանությունները փորձում են ձուլել նրանց և թույլ չեն տալիս նույնիսկ երեխաներին վրացական անուններ տալ:

Վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը, Ալիկ Էրոյանցի խոսքով, Հայաստանի շահերից է բխում: Վրասագետը սրան ավելացրեց նաև, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ վերջին զարգացումներ հետևանքով ռուս-ադրբեջանական հարաբերությունները ևս լարվել են: Եվ այս ֆոնին. «Մեզ համար կարևոր է զարգացնել հայ-վրացական հարաբերությունները և անել ամեն հնարավորը, որպեսզի վերագործարկվի աբխազական երկաթուղին»,- ասաց վրացագետը:

Իսկ Հայաստանի շահերից չի բխում Վրաստանում թուրքական տարրի ակտիվացումը: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ թուրքական գործոնը Վրաստանում չի բխում նաև Ռուսաստանի շահերից: Թեկուզ և, իր կարծիքով, «Մեծ Թուրանի» գաղափարը վաղուց ակտուալ չէ, իսկ պանթուրքիստական ծրագրերի իրականացումը բխում է միայն որոշ շրջանակների շահերից: