AM
19 Մարտ 2013 - 09:46 AMT

Ր.Հովհաննիսյանն իր մոտ եկած միջնորդներին ներկայացրել է Ս.Սարգսյանի հետ նոր հանդիպման իր սցենարները

Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ միջնորդներ են գնացել, քննարկելու ինչպես կարող են հանդիպել, հանդիպումը կարող է լինել Ազատության հրապարակո՞ւմ, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դուրս գալ հրապարաակից: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հացադուլ հայտարարելուց հետո, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, իր մոտ եկած միջնորդներին ինքը ասել է, որ բացառվում է` մինչև իր հայտարարությունը հրապարակից հեռանա:

«Այդ միջնորդները` սրտացավ մարդիկ, պաշտոնյա, թե` ոչ, ուզում էին լուծում գտնել, հանդիպում կազմակերպել: Ես առաջարկեցի, որ դիտարկելով Ազատության հրապարակը, նախընտրելին բաց հանդիպումն է` ժողովրդի առջև: Բայց եթե պարոն Սարգսյանը ուզում է պահել սա խորհրդապահության շրջանակներում, ուրեմն կարելի է մի քանի ստեղծագործական թռիչքներ կատարել: Ես միշտ այստեղից նստած նայում եմ՝ Оպերայի երկրորդ հարկում օթյակներ կան: Պարտադիր չէ, որ նախագահական օթյակում նստենք, եթե առանձին հանդիպում եք ցանկանում, կարող ենք և այստեղ նստել: Մեկ այլ տարբերակ առաջարկեցի, ասացի` ի՞նչ կլինի, որ մենք հանդիպենք այս սրճարանում, որտեղ ժողովուրդը կտեսնի, որ ախոյանները ձեռք են սեղմում, զրուցում են առանձին, ժողովուրդը պիտի տեսնի, որ փոխադարձ հարգանքի քաղաքական մշակույթ է ձևավորվում»,- ասաց Րաֆֆի Հոհաննիսյանը:

Նա նշեց, որ իր մոտ եկած միջնորդները մի քանի օր եկել-գնացել են, հանգուցալուծում չի եղել: «Վերջում ես ասացի, որ եթե բարդույթ կա, կամ հոգեբանական արգելք, եթե ուզում է գրավոր հաղորդակցել հետս, փակ ծրարով, որ միայն ես բացեմ և ընթերցեմ, որ եթե պատասխան կա, ես էլ կպատասխպանեմ: Սա պահուստային է, նախընտրելի է դեմ առ դեմ տարբերակը: Հանդիպում չկայացավ»,- ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: