Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հաջորդ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մի ծրար է տվել, որ վերջինս այն հանձնի Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ծրարի մեջ փաստաթուղթ է եղել, որի մասին երեկ հայտարարել է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները հետ է ստացել՝ վրան խաչ քաշած:
Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ գրավոր առաջարկի մասին էր խոսքը` նշելով, որ ինքը ոչ թե խաչ է քաշել, այլ իքս, քանի, որ խաչը սուրբ նշան է, և այդ փասթաթղթի վրա չէր կարող դնել: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի` Արմեն Մարտիրոսյանին հանձնած ծրարում եղած փաստաթղթի մասին էր խոսքը, որը իրականում մակագրված էր ոչ թե նախագահի անունից, այլ վրան գրված էր «Ազգային ժողով»:
«Ծրարի մեջ երկու էջանոց փաստաթուղթ էր, թվագրված էր մարտի 5-ով: Այն հուշագիր էր, որ պիտի տորագրվեր Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Փաստաթղթով նախատեսվում էր ստեղծել սահմանադրական ինչ-որ հանձնաժողով, խորհուրդ, որը պետք է նախապատրաստեր մի քանի տարի հետո կայանալիք ինչ-որ հանրաքվեի: Սա այն տարբերակն է, որ ԱԺ-ում ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ առաջարկվել է Հովիկ Աբրահամյանի կողմից և մերժվել է մեր ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից: ԱԺ-ից ինձ ուղարկում են մի փաստաթուղթ, որն ունի 12 օր վաղեմություն, որը մերժվել է ԱԺ շրջանակներում մեր ֆրակցիայի կողմից: Ու հիմա պարոն Սարգսյանն ասում է, որ մենք պայմանավորված էինք այն ժամանակ: Ես իքս դրեցի դրա վրա, շրջան գծեցի մարտի 5-ի թվականի շուրջ, ԱԺ հասցեի շուրջ և փակ ծրարով, իմ ստորագրությամբ ուղարկեցի Սերժ Սարգսյանին: Սա իրենց խնդրած խորհրդապահական խողովակն է, որ երեկ ինքը փոխեց կանոնակարգը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հիմա գնտվում են հանրային, բաց տիրույթում: «Եթե տպավորություն ունի, որ իրեն պարտք եմ ինչ-որ փաստաթուղթ, ես ուրբաթ օրը հանրահավաքի ժամանակ նախ կընթերցեմ այդ բաց փաստաթուղթը և դրանից հետո կուղարկեմ պարոն Սարգսյանին, կանկնալեմ, որ սրանից հետո ինչ լինի` կլինի բաց, թափանցիկ և ժողովրդի առաջ: Անգամ եթե հանդիպում լինի: Իմ տարբերակներից մեկը կենթադրի ինքնաբացարկ, մյուսը կլինի համապետական այլընտրանք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:





