AM
19 Մարտ 2013 - 10:30 AMT

ՀՀ նախագահ. Մենք շարունակելու ենք ինտեգրացիոն պրոցեսները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական կառույցների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է իր առաջին արտասահմանյան այցերին Մոսկվա և Բրյուսել:

«Իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Օրինաչափ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առևտրա¬շրջանառությունը գերազանցում է, ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է և՛ գազին, և՛ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: Իհարկե, հարցը վերաբերում է նաև քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարևորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տևական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն»,-ասել է նախագահը:

«Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ: Եվ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր:

Գիտեք, ԵԺԿ կուսակցության գագաթնաժողովն էր: Բայց դա կուսակցական ժողով անվանելը մի քիչ հարաբերական է, որովհետև այնտեղ նստած էին եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, որոնց հիմնական մասը ներկայացնում են ԵԺԿ-ն: Եվ ինձ համար չափազանց հաճելի է, որ և՛ այնտեղ, և՛ ընդհանրապես ԵԺԿ ղեկավարի շնորհավորական ուղերձում Հայաստանը դիտարկվեց որպես մոդել, որպես օրինակ ուրիշների համար: Մենք սև-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա և այդ պրոցեսում օգտագործի և՛ Մաքսային միության, և՛ Եվրասիական միության, և՛ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ»,-նշեց Սերժ Սարգսյանը:

«Ասոցիացիայի գաղափարը հետևյալն է՝ մենք արդեն ստորագրել ենք Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման պրոցեսների մասին պայմանագիր և եթե չեմ սխալվում, մինչև հունիսի 1-ը կոնկրետ ժամկետներ կան, Եվրամիության անդամ երկրները պետք է վավերացնեն այդ պայմանագիրն ու այն մտնելու է ուժի մեջ: Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք: Եթե չեմ սխալվում, այս շաբաթվա ընթացքում Երևան է ժամանելու Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի ավարտենք Ասոցացման համաձայնագրի մնացած ընդամենը մեկ գլուխը: Այսինքն, դա էլ արդեն գրեթե պատրաստ կլինի: Ասեմ նաև ապրիլի հավանաբար առաջին տասնօրյակում կամ երկրորդ տասնօրյակի սկզբներին Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ձեռքերը շփելով սպասում են սև-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանը: Զարմանում ես: Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա: Ախր, այդ խնդիրը միայն Սերժ Սարգսյանը չի ունենալու, այդ խնդիրն ունենալու է ամբողջ հայ ժողովուրդը: Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան:

Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ: Բայց որ թանկանա, իրենց համար լա՞վ է լինելու: Մի օրինակ էլ կարող եմ Եվրամիությունից բերել, բայց չեմ ուզում ծանրանալ սրա վրա: Մարդիկ շատ դեպքերում ղեկավարվում են չարությամբ: Սակայն իրականությունն է վկա՝ չար մարդիկ երբեք լուրջ հաջողությունների չեն հասնում: Նրանք կարող են կարճաժամկետ ընթացքում իրոք մեծ հաջողությունների հասնել, բայց երկարաժամկետ հատվածում նրանք չեն կարող հաջողություն ունենալ»,-ասել է նախագահը: