Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը իր ծրագրային բաղադրիչների շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Համագործակցության արդյունքներն արդեն տեսանելի են: Հաստատությունում լիովին վերազինվել է համակարգչային դասասենյակը, հագեցվել ցանցային, հեռահաղորդակցության և թվայնացման սարքավորումներով: Հաստատության սաների առաջարկով համալրվել է նաև գրադարանը՝ շուրջ 98 անվանումով ավելին քան 180 գիրք: Միջոցառումների կազմակերպման, թատերական և պարային խմբակների աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար գիշերօթիկի սաներին տրամադրվել է պրոֆեսիոնալ ձայնային համակարգ և բարձրախոսներ:
Հաջորդ քայլով հաստատությանը տրամադրվեց անհրաժեշտ կահույք` գրադարանի, ճաշասենյակի և երեխաների ննջասեյակների համար, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 3.5 միլիոն ՀՀ դրամ:
Ինչպես համաձայնեցված էր հաստատության տնօրինության հետ, հիմնադրամը սկսեց նաև վերանորոգման ծրագիրը: Ծրագրով նախատեսված երկու մասնաշենքերի դռների և պատուհանների փոխարինումը նոր պրոֆիլային պատուհաններով և դռնելով, ինչպես նաև մարզադահլիճի ամբողջական վերանորոգումը արդեն ավարտված է, որի արդյունքում հնարավոր դարձավ առավել արդյունավետ ջեռուցել հաստատության մասնշենքերը: 2012թ. այս ծրագրի շրջանակում աջակցությունը կազմել է մոտ 40 միլիոն ՀՀ դրամ:
Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ համագործակցությունը կշարունակվի նաև 2013թ.: «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. հունիսին, հիմնադիրն է «ՔՐՈՆԻՄԵՏ» Մայնինգ գերմանական ընկերությունը:





