AM
19 Մարտ 2013 - 14:10 AMT

Ստեփան Դեմիրճյան. Լավագույն երկխոսությունը ժողովրդարական ընտրությունների անցկացումն է

Ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունները սկսում են խոսել հանդուրժողականության, իշխանություն-ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների անհրաժեշտության մասին, իսկ ընդդիմության պահանջը՝ նոր, արդար ընտրություններ անցկացնելու մասին, համարում մաքսիմալիստական: ԱԺ հայտարարությունների ժամին նման դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը և դա անվանեց արատավոր ավանդույթ:

Ըստ պատգամավորի`լավագույն երկխոսությունը ժողովրդարական ընտրությունների անցկացումն է: «Կեղծված ընտրությունների բացասական հետևանքները կարելի է չեզոքացնել միմիայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ: Սա է միակ ողջամիտ քայլը, որը կարող է հանգուցալուծել առկա ճգնաժամը: Ոչ թե պետք է ամեն կեղծված ընտրությունից հետո քննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ պարզապես հարկավոր է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ՝ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Ստեփան Դեմիրճյանը նկատեց, որ ամեն կեղծված ընտրություն ետ շպրտում երկիրը, խորացնում հասարակության բարոյալքումը, նպաստում արտագաղթի աճին: