AM
19 Մարտ 2013 - 14:20 AMT

Մալաթիա-Սեբաստիա համայնքում որոշ շենքերի բակեր կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ:

Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ 2 թաղամասի 138 և Սեբաստիայի փողոցին հարակից 28-ից 30 շենքերի բակերը կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով: Կարևորելով համատեղ աշխատանքի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի, ինչպես նաև Շերամի և Օհանովի փողոցների շենքերին հարակից բակերի բարեկարգման ընթացքին: Քաղաքապետի այցելության պահին բակային տարածքներում արդեն փոխվում էին եզրաքարերը, սալապատվում ճեմուղիները, որոշ հատվածներում էլ բակերը մաքրվում էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին զեկուցել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախանշված ժամկետներում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Ա 2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին: Այս խնդիրն, ի դեպ, թաղամասի բնակիչների կողմից բարձրացվել էր քաղաքապետի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ: