AM
20 Մարտ 2013 - 06:32 AMT

Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404:

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։ Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում` Մարզերում`

սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ,

թոքաբորբերի թեթև ձևերով` 90 հիվանդ,

Երևանում`

սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ,

թոքաբորբի թեթև ձևերով` 89 հիվանդ:

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, 25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։