ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության 9-րդ միջազգային մրցույթը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները: Թեման է` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»:
Մրցույթի նպատակն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի սովորող երիտասարդությանը հաղորդակից դարձնել մայրաքաղաք Երևանի հինավուրց ու նոր պատմությանը, զարգացման հեռանկարներին, Հայաստան–Սփյուռք գործակցության ամրապնդման, աշխարհով մեկ սփռված հայությանը համազգային շահերի շուրջ համախմբման գործընթացներում Երևանի նոր դերակատարմանը:
Ցանկալի է, որպեսզի մասնակիցներն իրենց աշխատանքներում անդրադառնան Երևանի, որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմությանը, ներկայացնեն նոր Երևանի վերաբերյալ իրենց տեսլականը ոչ միայն որպես անկախ Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն, այլև դիտարկեն այն որպես յուրաքանչյուր հայի սրտում միակ հայրենիքի, մայր հողի մարմնացման խորհրդանիշ:
Սփյուռքում ծնված ու մեծացած երիտասարդներն իրենց աշխատանքներում պետք է գործնականորեն ցույց տան այն դերը, որն այսօր խաղում է Երևանը նրանց ազգային ինքնագիտակցության զարթոնքի գործում:
Մրցութային աշխատանքը պետք է արտացոլի յուրաքանչյուր մասնակցի, անկախ բնակության վայրից, պատկերացումները նոր Երևանի կերտման գործում իր դերակատարման վերաբերյալ, ինչպես նաև անձնական խոհերն ու հույզերը նրա ապագայի մասին: Պետք է հստակ ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել հայ երիտասարդության ներդրումը Հայաստանի հզորացման, տնտեսական և մշակութային ներուժի ամրապնդման գործում:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ, որը կարող է լինել ինչպես չափածո, այնպես էլ արձակ (բանաստեղծություն, պատմվածք, էսսե և այլն): Մրցութային աշխատանքները պետք է ներկայացնել մինչև 2013 թվականի հունիսի 15-ը: Ներկայացվող աշխատանքները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ համակարգչային 1-3 էջի սահմանում: Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Word ֆորմատով: Դրանք կարող են ներկայացվել նաև անձամբ կամ` փոստով։ Աշխատանքին պարտադիր է կցել մասնակցի անձնական տվյալները պարունակող տիտղոսաթերթ Առաջին երեք տեղերը շահած թ՛ե ուսանողները, և թ՛ե աշակերտները կպարգևատրվեն Notebook համակարգիչներով և դիպլոմներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողներն՝ արժեքավոր նվերներով և պատվոգրերով։ Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. սեպտեմբերին, իսկ հաղթողների պարգևատրման հանդիսվոր արարողությունը կկայանա հոկտեմբերին:





