AM
20 Հոկտեմբեր 2005 - 07:51 AMT

Յու.Բալուեւսկի.Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ շատ հարցեր կան, սակայն դրանք խնդրահարույց չեն

«Ես եկել եմ իմ իսկական ընկերների մոտ, դուք հիանալի գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ անդամներ են, մենք բազմաթիվ ընդհանուր խնդիրներ ունենք: Չէի ցանկանա նեղացնել մյուս պետություններին, սակայն Ռուսաստանն ու Հայաստանը ամենամերձավոր դաշնակիցներն են այդ կազմակերպության շրջանակներում»,-լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նշել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: Նրա խոսքերով, կողմերի միջեւ գոյություն ունեն բազում հարցեր, «սակայն չկան խնդիրներ»: Յու.Բալուեւսկին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում հանրապետության քաղաքական ղեկավարության հետ: «Ես կփոխանցեմ մեր նախարարի բարեմաղթանքները: Մենք ունենք ոչ միայն ռազմական բնույթի հարցեր, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական: Ինչպես տեսնում եք, դա եւս հանդիպման առարկա է հանդիսանում: Կքննարկվեն զինված ուժերի համատեղ նախապատրաստման, ապահովման, այս տարածաշրջանում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Եվ, ուղղակի, երբ ընկերները հանդիպում են, նրանք խոսում են նաեւ իրենց լավ հարաբերությունների մասին»,-ասել է Բալուեւսկին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: