Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ՝ միանալու իրենց հաղթահավաքին:
«Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք: Կարծում եմ Ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու համոզմունքը, բայց հաշվի առնելով, որ Ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ում միանձնյա բանտարկված Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ապա հրավիրում ենք միանալ ուրբաթ օրը երեկոյան ժամը 6- ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքին»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
«Ուրբաթ երեկոյան կգա՞ք, կմասնակցե՞ք Ազատության հրապարակի հաղթահավաքին»,- հարցը ձևակերպեց Զարուհի Փոստանջյանը:
«Ես չեմ մասնակցելու ձեր հանրահավաքին, որովհետև իմ աշխատանքային օրակարգը լեցուն է կարևորագույն միջոցառումներով, իսկ բացի այդ՝ համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ, քանի որ Դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ: Դա վատ ճանապարհ է և շատ վատ տեղ է տանում, այնպես որ առաջարկում եմ մնանք քաղաքակիրթ երկխոսության ձևաչափում: Եվ նաև ուզում եմ խնդրել ձեզ՝ մենք շատ հարգալից ենք վերաբերում Ձեզ ու Ձեր գնահատականներին, բայց ուզում եմ, որ դուք էլ նույնպես հարգալից վերաբերմունք ցուցաբերեք մեր թիմի նկատմամբ ու զերծ մնաք վիրավորանքներից»,- պատասխանեց վարչապետը:
«Փաստորեն ես ճիշտ հասկացա՝ ձեր մեջ մարել է հեղափոխական լինելու համոզմունքը: Հուսանք, որ ձեր մեջ այն կարթնանա»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը հասկանում է, թե ինչ նկատի ունի պատգամավորը և նշեց, որ իր «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածը մտածողության հեղափոխության մասին է:





