Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան այսօր էլ, ինչպես նախորդ` մարտի 15-ին տեղի ունեցած նիստին, չի ներկայացել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Արդյունքում «Մատաղիսի գործ»-ով արդարացված Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի ու Ռազմիկ Սարգսյանի հայցով նրա դեմ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Գագիկ Ջհանգիրյանի փաստաբան Վահե Հովսեփյանը միջնորդություն է ներկայացրել ժամանակ ստանալու, հայցին ծանոթանալու ու դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին:
«Մատաղիսի գործ»-ով նախկին մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել: Նրանց արդարացման վճռից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատավճիռը, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:





