ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում դեսպանը համառոտ նեկայացրեց Ուկրաինայում տիրող իրավիճակը: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ թեեւ այսօր դրանք դինամիկ զարգանում են, սակայն կան չօգտագործված հնարավորություններ: Նա ընդգծեց, որ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում էական է շփումների ակտիվացումը բոլոր մակարդակներում: Անդարադառնալով ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում երկու երկրների փոխհարաբերությունների ներկա վիճակին` ՀՀ ՊՆ նախարարը նշեց, որ չնայած դրանք բավականին ետ են մնացել այլ ոլորտների համեմատ, սակայն հայկական կողմը միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ:





