AM
21 Մարտ 2013 - 06:24 AMT

Երևանում կանցկացվի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված իրազեկման ակցիա

Մարտի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) անցկացնելու է իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

ՀԿԽԸ Առողջապահական բաժնի աշխատակիցները և կամավորները Երևանի պետական բժշկական համալսարանից մինչև Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարան ձգվող տարածքում, Աբովյան փողոցի երկայնքով, հանրությանը բաժանելու են տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր և պատասխանելու են նրանց հարցերին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայկակական Կարմիր խաչի ընկերության գրասենյակից, Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ տեղադրվելու է տաղավար, որտեղ ևս կարելի է տեղեկանալ տուբերկուկուլյոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք, մահանում է 1.6 միլիոնը: Վարակվածների 87 տոկոսը 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնցից 30 տոկոսը` մինչև 24 տարեկանների տարիքային խումբն է: Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում: 2012թ. մեր երկրում հաշվառման մեջ է եղել տուբերկուլյոզով 3437 հիվանդ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի սողիալ-հոգեբանական աջակցության և կրթական մասը` ՀՀ-ում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն և հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որի հիմնական ստացողը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ ենթաստացողը`ՀԿԽԸ-ն: