AM
21 Մարտ 2013 - 07:24 AMT

Օմբուդսմենի զեկույցը. «Բժշկական սխալ»-ի պատճառով մի շարք անցանկալի դեպքեր են գրանցվել

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է հրապարակել Օմբուդսմենի տարեկան զեկույցից հատվածներ: Այսօր հրապարակվել է Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը:

Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

• Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:

• Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:

• Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:

• Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև 6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող` «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագիծը:

• Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:

• Դեռևս իր լուծումը չի ստացել առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցման ապահովման խնդիրը:

• Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:

Արձանագրված դրական զարգացումներ

• Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ:

• էապես բարձրացվել է շտապօգնության ծառայության որակն ու արդյունավետությունը:

• Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով: