AM
21 Մարտ 2013 - 08:43 AMT

Հետազոտություն. Արտոնագրային վճարի փոփոխությունը ստոմատոլոգիական կլինիկաների գործունեության վրա չի ազդել

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների շուրջ կայացած քննարկումների ընթացքում կանխատեսումներ էին արվում, թե ստոմատոլոգիական շատ կլինիկաներ կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը համեմատականներ է անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։

Վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակահատվածում բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը,իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։ Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել 1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։

Թե՛ անցած, թե՛ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19–ըգործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։ 2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ, 3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի ճշտվել։