AM
21 Մարտ 2013 - 09:16 AMT

ԵՄ-ն Հայաստանին կոչ է անում աշխատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբ

2012թ-ին անցկացված խորհրդարանական ու 2013-ի նախագահական ընտրություններն, ըստ Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի, թափանցիկ էին, և լուրջ ջանքեր էին կիրառվել, որպեսզի անդրադառնան այն հարցերին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին: Այս մասին դեսպանը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ. առաջընթացի զեկույցը: Միաժամանակ դեսպանը նկատեց, որ դեռ լրացուցիչ աշխատանք է պետք իրականացնել օրենսդրության իրավակիրարկման ուղղությամբ:

Տրայան Հրիսթեան նշեց, որ զեկույցով Հայաստանին կոչ է արվում լրացուցիչ քայլեր ձեռնարկել խորհրդարանական և նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբ և կյանքի կոչել բոլոր առաջարկությունները: Խոսքը, մասնավորապես, նախագահական ընտրություններից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու մասին է: