Վճռաբեկ դատարանը քիչ առաջ վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների ներկայացրած բողոքը: Այսօր մինչև ժամը 18:00-ն լրանալու էր վարույթ ընդունելու կամ վերադարձնելու որոշում կայացնելու վերջնաժամկետը:
Ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց.«Այն փաստը, որ որոշումը կայացվել է վերջին օրը, ցույց է տալիս, որ այս գործը ձգձգելու խնդիր ունեն: Հնարավոր է` սպասում են Երևանի ավագանու ընտրություններն անցնեն, ու, իրենց կարծիքով, քաղաքական ավելի կայուն իրավիճակում մեր գործով վերջնական որոշումը կայացնեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:





