AM
21 Մարտ 2013 - 09:47 AMT

«ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսությամբ

Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ մարտի 18-ից Դանիայի Թագավորությունում է : Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայի սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին:

Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այնուհետև պատվիրակությունը այցելել է «Գիսեֆելդ Քլոսթեր» եղևնիներ արտադրող և արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը և այցելություն է կազմակերպել տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է արտադրական մեթոդներին: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է հետագա համագործակցության կարևորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է Հայաստան` քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:

Այցելությունից հետո նախարարը հանդիպում է ունեցել ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ և քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի և տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:

Պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, «ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ճյուղերը, խնդիրները և հնարավոր համագործակցության ուղղությունները: Կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերգո Կարապետյանն այնուհետև մեկնել է Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել խոզաբուծական, անասնապահական և ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին և մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան` գործունեություն ծավալելու և արտադրություն կազմակերպելու համար: